Ճանաչելիությունը դեռ հեղինակություն չէ. Աստղիկ Ավետիսյանը Անտվերպենում դասընթաց է անցկացրել հայ երիտասարդների համար

Ինչպե՞ս դառնալ ազդեցիկ առաջնորդ, ինչո՞վ է ճանաչելիությունը տարբերվում հեղինակությունից, և ինչպե՞ս ձևավորել հանրային վստահություն թվային հաղորդակցության դարաշրջանում։
Այս հարցերն էին Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայացած ինտերակտիվ դասընթացի առանցքում, որը վարեց Հայկական PR ասոցիացիայի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ռազմավարական հաղորդակցության և մեդիայի փորձագետ Աստղիկ Ավետիսյանը։
«Քեզ ճանաչո՞ւմ են, թե՞ հավատում են. իմիջից մինչև հեղինակություն» խորագրով դասընթացը կազմակերպվել էր Համաշխարհային հայկական երիտասարդական «ՈՍՏԱՅՆ» (WostAYN) ցանցի և «Միժարկ Եվրոպա» (MIJARC Europe) միջազգային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ՝ Անտվերպենի Հայ Առաքելական եկեղեցուն կից երիտասարդական ծխական խորհրդի հետ համագործակցությամբ։
Դասընթացի նպատակն էր սփյուռքահայ երիտասարդներին փոխանցել ժամանակակից առաջնորդության, ռազմավարական հաղորդակցության և հանրային ազդեցության ձևավորման գործնական գիտելիքներ ու հմտություններ՝ նպաստելով նրանց անհատական զարգացմանը և համայնքային կյանքում առավել ակտիվ ներգրավմանը։
Դասընթացի հիմնական թեմաներն էին՝
Անհատական բրենդինգ. ինչպես բացահայտել սեփական ուժեղ կողմերը և ձևավորել ճանաչելի ու վստահելի հանրային կերպար։
Իմիջ և հեղինակություն. ինչո՞վ են դրանք տարբերվում, և ինչո՞ւ է վստահությունը երկարաժամկետ ազդեցության հիմքը։
Առաջնորդություն և հանրային հաղորդակցություն. ինչպես ներկայացնել գաղափարները, ներգրավել համախոհների և ձևավորել ազդեցություն։
Թվային ինքնություն և սոցիալական մեդիա. ինչպես կառավարել սեփական ներկայությունը թվային միջավայրում և պահպանել հեղինակությունը։
Սոցիալական արշավների կազմակերպում. ինչպես գաղափարը վերածել հանրային նշանակություն ունեցող նախաձեռնության՝ սահմանելով նպատակներ, թիրախային լսարաններ, հաղորդակցական ուղերձներ և արդյունավետության գնահատման չափանիշներ։
Դասընթացն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով։ Գործնական առաջադրանքների, օրինակների վերլուծության և քննարկումների միջոցով մասնակիցները բացահայտեցին ազդեցիկ հաղորդակցության սկզբունքները, գնահատեցին սեփական հաղորդակցական հնարավորությունները և քննարկեցին համայնքային նախաձեռնությունների իրականացման մեխանիզմները։
«Ճանաչելի լինելը դեռ չի նշանակում հեղինակություն ունենալ։ Մարդիկ կարող են իմանալ քո անունը, հետևել քեզ սոցիալական ցանցերում, բայց իրական ազդեցությունը սկսվում է այն պահից, երբ նրանք վստահում են քեզ, քո արժեքներին և գործողություններին»։
Այս գաղափարն էր դասընթացի առանցքային ուղերձը՝ ընդգծելով, որ անձնական բրենդինգը միայն արտաքին ներկայացվածություն չէ, այլ արժեքների, մասնագիտական կարողությունների, հետևողական վարքագծի և հանրային պատասխանատվության ամբողջություն։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև երիտասարդների՝ իրենց համայնքներում փոփոխություններ նախաձեռնելու կարողություններին։ Քննարկվեց, թե ինչպես կարելի է ճիշտ հաղորդակցության, գործընկերային կապերի և սոցիալական արշավների միջոցով բարձրաձայնել համայնքային խնդիրները, համախմբել մարդկանց և հասնել տեսանելի արդյունքների։
Դասընթացի կարևորությունը գիտելիքի փոխանցումից առավել լայն էր։ Այն ուղղված էր սփյուռքահայ երիտասարդների հաղորդակցական կարողությունների զարգացմանը, առաջնորդական ներուժի բացահայտմանը և համայնքային նախաձեռնություններում նրանց դերակատարության ուժեղացմանը։
Անտվերպենում կայացած հանդիպումը ևս մեկ հնարավորություն էր Հայաստանի մասնագիտական փորձը փոխանցելու սփյուռքի երիտասարդներին՝ ամրապնդելով կրթական համագործակցությունը և ձևավորելով հետագա համատեղ նախաձեռնությունների հիմքեր։
Ի վերջո, առաջնորդությունը ոչ թե պարզապես ճանաչված լինելու, այլ վստահություն ձևավորելու, մարդկանց համախմբելու և դրական փոփոխություններ իրականացնելու կարողությունն է։



Comments