top of page
WostAYN.png
Search

Ճանաչելիությունը դեռ հեղինակություն չէ. Աստղիկ Ավետիսյանը Անտվերպենում դասընթաց է անցկացրել հայ երիտասարդների համար

4 hours ago
2 min read

Ինչպե՞ս դառնալ ազդեցիկ առաջնորդ, ինչո՞վ է ճանաչելիությունը տարբերվում հեղինակությունից, և ինչպե՞ս ձևավորել հանրային վստահություն թվային հաղորդակցության դարաշրջանում։

Այս հարցերն էին Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայացած ինտերակտիվ դասընթացի առանցքում, որը վարեց Հայկական PR ասոցիացիայի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ռազմավարական հաղորդակցության և մեդիայի փորձագետ Աստղիկ Ավետիսյանը։

«Քեզ ճանաչո՞ւմ են, թե՞ հավատում են. իմիջից մինչև հեղինակություն» խորագրով դասընթացը կազմակերպվել էր Համաշխարհային հայկական երիտասարդական «ՈՍՏԱՅՆ» (WostAYN) ցանցի և «Միժարկ Եվրոպա» (MIJARC Europe) միջազգային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ՝ Անտվերպենի Հայ Առաքելական եկեղեցուն կից երիտասարդական ծխական խորհրդի հետ համագործակցությամբ։

Դասընթացի նպատակն էր սփյուռքահայ երիտասարդներին փոխանցել ժամանակակից առաջնորդության, ռազմավարական հաղորդակցության և հանրային ազդեցության ձևավորման գործնական գիտելիքներ ու հմտություններ՝ նպաստելով նրանց անհատական զարգացմանը և համայնքային կյանքում առավել ակտիվ ներգրավմանը։

Դասընթացի հիմնական թեմաներն էին՝

  • Անհատական բրենդինգ. ինչպես բացահայտել սեփական ուժեղ կողմերը և ձևավորել ճանաչելի ու վստահելի հանրային կերպար։

  • Իմիջ և հեղինակություն. ինչո՞վ են դրանք տարբերվում, և ինչո՞ւ է վստահությունը երկարաժամկետ ազդեցության հիմքը։

  • Առաջնորդություն և հանրային հաղորդակցություն. ինչպես ներկայացնել գաղափարները, ներգրավել համախոհների և ձևավորել ազդեցություն։

  • Թվային ինքնություն և սոցիալական մեդիա. ինչպես կառավարել սեփական ներկայությունը թվային միջավայրում և պահպանել հեղինակությունը։

  • Սոցիալական արշավների կազմակերպում. ինչպես գաղափարը վերածել հանրային նշանակություն ունեցող նախաձեռնության՝ սահմանելով նպատակներ, թիրախային լսարաններ, հաղորդակցական ուղերձներ և արդյունավետության գնահատման չափանիշներ։

Դասընթացն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով։ Գործնական առաջադրանքների, օրինակների վերլուծության և քննարկումների միջոցով մասնակիցները բացահայտեցին ազդեցիկ հաղորդակցության սկզբունքները, գնահատեցին սեփական հաղորդակցական հնարավորությունները և քննարկեցին համայնքային նախաձեռնությունների իրականացման մեխանիզմները։

«Ճանաչելի լինելը դեռ չի նշանակում հեղինակություն ունենալ։ Մարդիկ կարող են իմանալ քո անունը, հետևել քեզ սոցիալական ցանցերում, բայց իրական ազդեցությունը սկսվում է այն պահից, երբ նրանք վստահում են քեզ, քո արժեքներին և գործողություններին»։

Այս գաղափարն էր դասընթացի առանցքային ուղերձը՝ ընդգծելով, որ անձնական բրենդինգը միայն արտաքին ներկայացվածություն չէ, այլ արժեքների, մասնագիտական կարողությունների, հետևողական վարքագծի և հանրային պատասխանատվության ամբողջություն։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև երիտասարդների՝ իրենց համայնքներում փոփոխություններ նախաձեռնելու կարողություններին։ Քննարկվեց, թե ինչպես կարելի է ճիշտ հաղորդակցության, գործընկերային կապերի և սոցիալական արշավների միջոցով բարձրաձայնել համայնքային խնդիրները, համախմբել մարդկանց և հասնել տեսանելի արդյունքների։

Դասընթացի կարևորությունը գիտելիքի փոխանցումից առավել լայն էր։ Այն ուղղված էր սփյուռքահայ երիտասարդների հաղորդակցական կարողությունների զարգացմանը, առաջնորդական ներուժի բացահայտմանը և համայնքային նախաձեռնություններում նրանց դերակատարության ուժեղացմանը։

Անտվերպենում կայացած հանդիպումը ևս մեկ հնարավորություն էր Հայաստանի մասնագիտական փորձը փոխանցելու սփյուռքի երիտասարդներին՝ ամրապնդելով կրթական համագործակցությունը և ձևավորելով հետագա համատեղ նախաձեռնությունների հիմքեր։

Ի վերջո, առաջնորդությունը ոչ թե պարզապես ճանաչված լինելու, այլ վստահություն ձևավորելու, մարդկանց համախմբելու և դրական փոփոխություններ իրականացնելու կարողությունն է։


 
 
 

Comments


bottom of page