top of page
WostAYN.png
Search

Անտվերպենում հայ երիտասարդները համախմբվել են՝ զարգացնելու առաջնորդության և հանրային հաղորդակցության հմտությունները

2 hours ago
3 min read

Հայաստան–սփյուռք երիտասարդական համագործակցության ամրապնդման, համայնքային առաջնորդության զարգացման և նոր կրթական հնարավորությունների ստեղծման նպատակով Բելգիայի Անտվերպեն քաղաքում կազմակերպվել է ինտերակտիվ դասընթաց հայկական համայնքի երիտասարդների համար։


Միջոցառումը նախաձեռնել էին Համաշխարհային հայկական երիտասարդական «ՈՍՏԱՅՆ»-ը (WostAYN) և «Միժարկ Եվրոպա» (MIJARC Europe) միջազգային երիտասարդական կազմակերպությունը՝ Անտվերպենի Հայ Առաքելական եկեղեցուն կից երիտասարդական ծխական խորհրդի հետ համագործակցությամբ։

Նախաձեռնության նպատակն էր խթանել սփյուռքահայ երիտասարդների հասարակական ակտիվությունը, զարգացնել նրանց առաջնորդական և հաղորդակցական կարողությունները, ինչպես նաև ստեղծել Հայաստանի և եվրոպական հայկական համայնքների միջև երկարաժամկետ համագործակցության նոր հնարավորություններ։


Միջոցառման մասնակիցներին և Հայաստանից ժամանած հյուրերին ողջունեց Անտվերպենի «ՆՈՒԱՐԴ» հայկական մշակութային միության արտաքին կապերի պատասխանատու, Բելգիայում Համաշխարհային հայկական երիտասարդական «ՈՍՏԱՅՆ»-ի ներկայացուցիչ Շահնուր Մինասյանը։ Նա կարևորեց նման կրթական հանդիպումների կազմակերպումը՝ որպես երիտասարդների համախմբման, փորձի փոխանակման և համայնքային կյանքի ակտիվացման արդյունավետ միջոց։


Հանդիպումն իր օրհնությամբ և աղոթքով սկսեց Անտվերպենի հոգևոր հովիվ, Հոգեշնորհ Տեր Տիրայր վարդապետ Հակոբյանը։ Նա կարևորեց երիտասարդների կրթությունը, ազգային և հոգևոր արժեքների պահպանումը, փոխադարձ աջակցությունն ու համայնքային միասնականությունը։


Համաշխարհային հայկական երիտասարդական «ՈՍՏԱՅՆ»-ի նախագահ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, գիտությունների դոկտոր Ատոմ Մխիթարյանը ներկայացրեց միջազգային երիտասարդական ցանցի անցած ուղին, առաքելությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու զարգացման տեսլականը։

Նա անդրադարձավ աշխարհասփյուռ հայ երիտասարդների ներուժի համախմբմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը և այն հնարավորություններին, որոնք ստեղծվում են կրթական, գիտական ու երիտասարդական կազմակերպությունների միջև գործընկերության շնորհիվ։


«Միժարկ Եվրոպա» կազմակերպության «Ռեբութ» (Reboot) ծրագրի ղեկավար Արման Գրիգորյանը ներկայացրեց ծրագրի նպատակները, իրականացվող աշխատանքներն ու առաջիկա անելիքները։ Քննարկվեցին նաև գործընկեր կազմակերպությունների համատեղ նախաձեռնությունների և երիտասարդների մասնակցության ընդլայնման հնարավորությունները։


Միջոցառման առանցքային կրթական բաղադրիչը Հայկական PR ասոցիացիայի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ռազմավարական հաղորդակցության և մեդիայի փորձագետ Աստղիկ Ավետիսյանի ինտերակտիվ դասընթացն էր՝ «Քեզ ճանաչում են, թե՞ հավատում են. իմիջից մինչև հեղինակություն» խորագրով։


Դասընթացը նվիրված էր ժամանակակից հասարակությունում անհատի ազդեցության ձևավորմանը, հանրային վստահության ձեռքբերմանը և հեղինակության ռազմավարական կառավարմանը։

Մասնակիցները ծանոթացան առաջնորդության հաղորդակցական բաղադրիչներին, անհատական բրենդինգի սկզբունքներին, իմիջի և հեղինակության տարբերություններին, թվային միջավայրում ինքնաներկայացման առանձնահատկություններին, ինչպես նաև սոցիալական արշավների պլանավորման և իրականացման մեթոդաբանությանը։


Ինտերակտիվ քննարկումների և գործնական առաջադրանքների միջոցով երիտասարդները հնարավորություն ունեցան գնահատելու սեփական հաղորդակցական ներուժը, բացահայտելու հանրային ազդեցության ձևավորման գործիքները և քննարկելու, թե ինչպես կարելի է անհատական նախաձեռնությունը վերածել համայնքային նշանակություն ունեցող ծրագրի։


Դասընթացի կարևոր ուղերձներից մեկն այն էր, որ ճանաչելիությունը դեռևս հեղինակություն չէ, իսկ իրական ազդեցությունը ձևավորվում է վստահության, հետևողական աշխատանքի, արժեքների և հանրային պատասխանատվության համադրությամբ։

Կրթություն, համագործակցություն և համայնքային առաջնորդություն

Անտվերպենում կայացած հանդիպումը կարևոր էր ոչ միայն գիտելիքի և գործնական հմտությունների փոխանցման, այլև Հայաստան–սփյուռք երիտասարդական կապերի զարգացման տեսանկյունից։


Այն հնարավորություն տվեց մեկ հարթակում համախմբելու միջազգային երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին, համայնքային կառույցներին, հոգևոր առաջնորդությանը և երիտասարդներին՝ քննարկելու կրթական ու հասարակական նոր նախաձեռնությունների հեռանկարները։

Նման համագործակցությունը նպաստում է սփյուռքահայ երիտասարդների ինքնակազմակերպմանը, ազգային ինքնության պահպանմանը, միջազգային փորձի փոխանակմանը և համայնքային կյանքում նրանց առավել ակտիվ մասնակցությանը։


«Նախաձեռնության ռազմավարական նշանակությունը կրթության միջոցով երիտասարդական առաջնորդության զարգացումն է՝ հայկական համայնքներում ձևավորելով նախաձեռնող, պատասխանատու և համագործակցության պատրաստ նոր սերունդ։

Անտվերպենյան հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանի և սփյուռքի միջև կայուն կապերի ամրապնդման կարևորագույն միջոցներից են երիտասարդների կրթությունը, փոխադարձ վստահությունը և համատեղ գործելու պատրաստակամությունը։

Ուժեղ համայնքը ձևավորվում է այնտեղ, որտեղ երիտասարդը ոչ միայն պահպանում է իր ինքնությունը, այլև ստանում է գիտելիք, հնարավորություն և վստահություն՝ իր համայնքի ապագան կերտելու համար»- ամփոփում է Ատոմ Մխիթարյանը։ 


Միջոցառման կազմակերպման և նախապատրաստական աշխատանքների համակարգման գործում առանցքային դերակատարություն է ունեցել Ոստայնի  Անտվերպենի ներկայացուցիչ, Հայ Առաքելական եկեղեցուն կից երիտասարդական ծխական խորհրդի անդամ Արեգնազան Մինասյանը, որի ջանքերի շնորհիվ ապահովվել են տեղական գործընկերների համագործակցությունը, երիտասարդների ներգրավվածությունը և հանդիպման կազմակերպական ընթացքը։


Առաջիկայում շարունակվելու են ՈՍՏԱՅՆ-ի այցելությունները ԵՄ երկրներում գործող հայկական համայնքներ, կազմակերպվելու են տարբեր թեմաներով դասընթացներ՝ ներգրավելով տեղի հայկական կազմակերպություններին ու երիտասարդներին։

 

 
 
 

Comments


bottom of page