top of page
WostAYN.png
Search

WostAYN-ը միանում է «Rebooting the Food System» ծրագրին

3 hours ago
2 min read

Փնտրում ենք Եվրոպական միությունում բնակվող հայ երիտասարդների, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց հաղորդակցական հմտությունները և նպաստել դրական փոփոխություններին։


Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը՝ WostAYN-ը, միանում է MIJARC Europe-ի «Reboot the Food System» ծրագրին՝ նոր հնարավորություններ ստեղծելով Եվրոպայում բնակվող հայ երիտասարդների համար։


Ի՞նչ հնարավորություններ է առաջարկում ծրագիրը


Եվրոպայում բնակվող հայ երիտասարդները կարող են մասնակցել «Ինֆլուենսերների դպրոց» («School of Influencers») ծրագրին՝ որպես առանձին համայնք։ Դասընթացները համատեղ կկազմակերպեն MIJARC Europe-ի և WostAYN-ի թիմերը՝ այն երկրներում, որտեղից կստացվեն ամենաշատ դիմումները։


Ինչո՞ւ է սա կարևոր


Սննդի արտադրության, բաշխման և սպառման համակարգում առկա խնդիրներն առնչվում են բոլորիս։ Գերմշակված սննդի լայն տարածումը մտահոգություններ է առաջացնում առողջության տեսանկյունից։ Ֆերմերների վարձատրությունը հաճախ անհամարժեք է նրանց աշխատանքին, մինչդեռ խոշոր ընկերությունները մեծ շահույթներ են ստանում։ Հսկայական քանակությամբ սնունդ է վատնվում, երբ միլիոնավոր մարդիկ սննդի պակաս ունեն։ Սննդի երկարատև փոխադրումները և գյուղատնտեսությունում քիմիական նյութերի ոչ պատշաճ օգտագործումը բացասաբար են ազդում հողի, ջրի և կլիմայի վրա։


Ծրագիրը հնարավորություն է տալիս հասկանալու այս խնդիրները և հաղորդակցության ու հանրային արշավների միջոցով նպաստելու դրանց լուծմանը։


Ի՞նչ է «Ինֆլուենսերների դպրոցը»


Սա մեկ կամ երկու օր տևողությամբ ինտենսիվ, գործնական դասընթաց է՝ եվրոպական տարբեր քաղաքներում։


Դասընթացի ընթացքում կսովորես՝


- Արդյունավետ հաղորդակցվել․ հստակ ներկայացնել գաղափարներդ, ներգրավել մարդկանց և նախաձեռնել հանրային արշավներ։

- Ստեղծել ազդեցիկ բովանդակություն․ պատմել այնպես, որ մարդիկ ցանկանան լսել, դիտել և տարածել։

- Արդյունավետ օգտագործել սոցիալական ցանցերը․ ձևավորել ներգրավված լսարան և զարգացնել կապը հետևորդների հետ։

- Պլանավորել և իրականացնել արշավ․ գաղափարից հասնել գործողությունների՝ հանրության և որոշում կայացնողների ուշադրությունը հրավիրելով կարևոր խնդիրների վրա։

- Համագործակցել տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ․ կապեր հաստատել լրագրողների, ակտիվիստների, բովանդակություն ստեղծողների, ֆերմերների և քաղաքական գործիչների հետ։


Իսկ դասընթացից հետո՞


Դասընթացը միայն սկիզբն է։


Վերադառնալով քո համայնք՝ կկարողանաս կազմակերպել հանրային արշավներ, գործնական աշխատարաններ, հանդիպումներ ու քննարկումներ։ Ձեռք բերած գիտելիքներով կկիսվես քո շրջապատի, կազմակերպության անդամների և հետևորդների հետ՝ խրախուսելով տեղեկացված ու պատասխանատու ընտրությունները։


Հենց սա է «Ինֆլուենսերների դպրոցի» նպատակը՝ օգնել քեզ գիտելիքը վերածելու գործողության և դրական ազդեցություն ունենալու քո համայնքում։


Ի՞նչ ծախսեր են փոխհատուցվում


MIJARC Europe-ը հոգում է՝


✅ կացության ծախսերը,

✅ սննդի ծախսերը,

✅ ճանապարհածախսը՝ յուրաքանչյուր երկրի համար սահմանված չափով։


Ճանապարհածախսը փոխհատուցվում է դասընթացից հետո։ Պահպանի՛ր բոլոր տոմսերն ու վճարման անդորրագրերը․ դրանք անհրաժեշտ են փոխհատուցում ստանալու համար։


Որքա՞ն է մասնակցության վճարը


- MIJARC-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների համար՝ 50 եվրո։

- Մյուս մասնակիցների համար՝ 70 եվրո։


Ինչպե՞ս ազատվել մասնակցության վճարից


Դասընթացի ընթացքում կամ դրանից հետո քո սոցիալական ցանցերում հրապարակի՛ր ծրագրի մասին գրառում և ազատվի՛ր մասնակցության վճարից։


Միացի՛ր՝ սովորելու, փորձդ փոխանցելու և քո համայնքում փոփոխություններին նպաստելու համար։


 
 
 

Comments


bottom of page